Հայկական ավիափոխադրողի մուտքը` Բեյրութ. «Արմենիա»-ն նոր երկրներ է «նվաճում»

Հայկական ավիափոխադրողի մուտքը` Բեյրութ. «Արմենիա»-ն նոր երկրներ է «նվաճում»

Այսուհետ «Արմենիա» ավիաընկերությունը կանոնավոր և ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Բեյրութ, իսկ երեկ գործարկվեց առաջին չվերթը: Ավիաընկերությունն արդեն գրասենյակ է բացել Բեյրութում, իսկ չվերթը կյանքի են կոչել գործընկեր` «Նուբար Շակերյան» ընկերության հետ համատեղ: Երևան-Բեյրութ-Երևան ուղիղ չվերթը Բեյրութում ապրող ավելի քան 150 000 հայերի համար սպասված իրադարձություն էր:

 «Արմենիա» ավիաընկերության տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը նշեց, որ «Արմենիա»-ն իր գործընկեր ավիաընկերության հետ 8 ամիս է` աշխատում էր, որ այս ուղղությամբ ուղիղ չվերթ լինի: «Չվերթը կանոնավոր է` շաբաթական մեկ անգամ, սակայն որոշ ժամանակ անց ավելի հաճախակի կլինեն թռիչքները, այսինքն` հուլիսից շաբաթական 4 թռիչք կիրականացվի: Սա խոսում է այն մասին, որ այս ուղղությամբ պահանջարկ կա, և մենք մեր գործընկերոջ հետ կանենք ամեն ինչ` թռիչքն ավելի հարմարավետ և մատչելի դարձնելու համար»,- ասաց նա:

Ի դեպ, «Արմենիա» ավիաընկերության չվերթի առանձնահատկությունը մատչելի տոմսերն են՝ 320 ԱՄՆ դոլար` երկու ուղղությամբ, 30 կգ ուղեբեռը և օդանավում մատուցվող բարձրակարգ ծառայությունը՝ տաք սնունդ, տեղական արտադրության գինի, գարեջուր, անգամ` էկոնոմ դասում: Չվերթերն իրականացվում են բարձրակարգ` «Բոինգ» 737-500 և 737-700 օդանավերով, չվերթի տևողությունը 2 ժամ 25 րոպե է:

Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը նշեց, որ Երևան-Բեյրութ ուղիղ չվերթն ավելի կամրապնդի Լիբանանի և Հայաստանի` արդեն իսկ ամուր հարաբերությունները: Սակայն չվերթը մեկ կարևոր նշանակություն էլ ունի` սա առիթ է բեյրութցիների` Հայաստան այցն ավելի հաճախակի դարձնելու համար: «Որպես հայազգի նախարար` իմ առաջին նախաձեռնություններից էր զբոսաշրջության փաթեթներ պատրաստելն ու առաջին անգամ Բեյրութի համար կարևոր նշանակությւոն ունեցող` զբոսաշրջության 8 երկրների մեջ նաև Հայաստանը ներառելը: Բնականաբար, կփորձեմ նաև այլ նախաձեռնություններ կյանքի կոչել, մասնավորապես` տեղի` Լիբանանի գործարարներին դրականորեն տրամադրել Հայաստանի հանդեպ, որպեսզի գան ու ներդրումներ անեն: Ճիշտ է, մենք լիբանանցիներ ենք, բայց ծագումով հայ ենք, ինչը մեզ պարտավորեցնում է, որ բոլոր ոլորտներում ավելի սերտ հարաբերություններ ունենանք»,- ասաց նա` հավելելով, որ, ըստ վիճակագրության, Լիբանանից Հայաստան եկողներն ավելի շատ են, քան հակառակ ուղղությամբ:

Նախարարը նշեց նաև, որ Երևան-Բեյրութ ուղիղ չվերթ կանոնավոր կերպով գործել է խորհրդային տարիներին, իսկ դրանից հետո «Արմավիա» ավիաընկերությունն էր իրականացնում, սակայն վերջին անգամ ուղիղ չվերթ եղել է 7-8 տարի առաջ:

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին էլ նշեց, որ ուղիղ չվերթը, տուրիզմից բացի, մեծ համագործակցության հնարավորություն կընձեռի մշակույթի և տնտեսության ոլորտում: «Մենք շատ բարձր ենք գնահատում այս նախաձեռնությունը, որը ոչ միայն մեր Մայր հայրենիքի և Լիբանանի համար ոգևորող երևույթ է, այլ նաև զարգացնում է երկու հիմնատեսակ պատմություն ունեցող երկրների հարաբերությունները: Հայաստանն ու Լիբանանը տասնամյակներից ավելի է` համագործակցում են, և երկու երկրներն էլ թե՛ իրենց մշակույթով, թե՛ ժողովրդով, թե՛ հյուրասիրությամբ և թե՛ տնտեսությամբ ու զբոսաշրջության մեջ շատ նմանություններ ունեն: Մեզ համար շատ կարևոր է, որ Լիբանանի հայությունն այս չվերթով կարողանա ավելի հաճախ Հայաստան այցելել, բայց, դրան զուգահեռ, շատ կարևոր է, որ լիբանանցի քաղաքացին Հայաստան գա, քանի որ Հայաստանի կարողություններն ու կարելիությունները մեծ են լիբանանցի զբոսաշրջիկների համար, և հակառակը»,- ասաց նա:

Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանի հավաստմամբ` Լիբանանն ու Հայաստանը բազմաթիվ թելերով կապված են իրար, և այս ուղիղ թռիչքը լինելու է լրացուցիչ թելերից մեկը, որը կնպաստի Հայաստանի ու Լիբանանի, ինչպես նաև Հայաստանի ու լիբանանահայ զանգվածի կապերի խորացմանը: Բացի այդ` դեսպանի կարծիքով, թռիչքը կարևոր է այնքանով, որ հենց «Արմենիա» անվանմամբ օդանավը, ի թիվս այլ օդանավերի, ժամանում է Բեյրութի օդանավակայան: «Կուզեի, որ այդ անունով օդանավերը հնարավորինս տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնեն, քանի որ դա շատ կարևոր է` ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը: Դեսպանատունն աջակցել է թռիչքի իրականացման համար անհրաժեշտ դիմումներին և բանակցություններին լիբանանյան համապատասխան մարմինների հետ` թռիչքի արտոնությունը ստանալու համար: Բացի այդ` մենք աշխատում ենք աջակցել զբոսաշրջության զարգացմանը, որպեսզի լիբանանցի գործարարները ներդրումներ անեն Հայաստանի զգոսաշրջության ոլորտում, քանի որ Լիբանանի զբոսաշրջության ոլորտը բավական զարգացած է, և նրանք մեծ փորձ ունեն»,- ասաց դեսպանը: Նա նշեց նաև, որ վերջին տարիներին Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա լիբանանցիների կողմից, և այս տարի բազմաքանակ խմբեր են այցելելու Հայաստան:

Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանի կարծիքով` չվերթը շատ կարևոր է, հատկապես` հաշվի առնելով լիբանանահայերի թիվը: «Հիմա նրանք ընդամենը 2 ժամում կարող են հայտնվել Հայաստանում` օդանավում լսելով հայերեն լեզվով հայտարարություններ»,- ասաց նա:

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանի խոսքով` դեպի Բեյրութ ուղիղ չվերթ իրականացնելը միշտ օրակարգային հարց է եղել, հատկապես` 2013-ից Հայաստանի կողմից բաց երկինքի քաղաքականության որդեգրմամբ  համաշխարհային շուկայում Հայաստանի հասանելիության բարձրացումը պետական քաղաքականության հիմնական խնդիրներից է: «Ուղիղ չվերթի հիմնական նպատակը տնտեսության և զբոսաշրջության զարգացումն է Հայաստանի ու այլ երկրների միջև հաստատված կապի միջոցով, իսկ զբոսաշրջության աշխուժացումը մեր պետական քաղաքականության հիմնական նպատակներից է»,- ասաց Ապրեսյանը: 


05.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց առաջին չարտերային չվերթը

Այսօր`Հուլիսի 5-ին, «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց իր առաջին չարտերային չվերթը ...

02.06.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը ներդրել է ավիատոմսերի ամրագրման Aero Mart համակարգը

Հարգելի գործընկերներ` ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ «Արմենիա» ավիաընկերությունը պայմանագիր է ...

23.06.2016 - Aero Mart ծրագրի շնորհանդեսը տուրիստական գործակալությունների համար

«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 23-ին կազմակերպել է Aero Mart ծրագրի շնորհանդեսը ...

01.08.2016 - «Արմենիա»-ն բացում է թևերը

Օգոստոսի 1-ին դեպի Մոսկվա իր առաջին թռիչքը կատարող Բոինգ 737-500 «Արմենիա» ավիաընկերության օդանավը դիմավորեցին Վնուկովո օդանավակայանում` ջրային շիթերի «հրավառությամբ»